Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում և սեր` ամեն ինչում

Կրթություն

«Կրթական միջավայր» ծրագիրը կոչված է` պատասխանելու հետևյալ հարցին. ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունը ժամանակակից հասարակությունում: Ծրագիրը ներկայումս գտնվում է ծրագրային նպատակների և խնդիրների ձևակերպման փուլում և ուղղված է լինելու հետևյալ սկզբունքների և մոտեցումների իրագործման համար անհրաժեշտ առաջարկությունների մշակմանը.


1. Կրթական գործընթացը պետք է անընդհատ լինի, քանի որ ապրում ենք մի դարաշրջանում, որում փոփոխությունները նոր թափ են հավաքում, իսկ գիտելիքները` արագորեն հնանում: Գիտությունը նոր, երբեմն` անակնկալ լուծումներ է առաջարկում տարբեր բնագավառների հատման եզրին, կենսագործունեության բոլոր ոլորտներում` փոխելով կենցաղը, վարքը, ժամանակի և տարածության մասին պատկերացումները:

 

2.  Մարդկանց հաղորդակցությունը և կյանքի կազմակերպումը հնարավոր չեն առանց նոր տեխնիկական միջոցների և գործիքների կիրառության: Այդ միջոցներն օգտագործելու անկարողությունը, հասարակության անդամների մոտ հմտությունների բացակայությունը կարող են լրջորեն արգելակել զարգացումը և խոչընդոտել ավելի արդյունավետ և բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրումը, որոնք կարող էին բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և կյանքի որակը:

 

3. Անխտիր ողջ բնակչությունը պետք է ապրի գիտելիքների և հմտությունների մշտական նորացման ռեժիմում, իսկ կրթական համակարգը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը և պատրաստ լինի` աշխատելու տարիքային և սոցիալական բոլոր խմբերի հետ:


4. Կրթական համակարգը պետք է վերակազմակերպել, որպեսզի այն գիտելիքների պարզ փոխանցումից զատ առաջին հերթին ուղղված լինի որոշակի հմտությունների և կարողությունների ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են ինքնուրույնաբար նոր գիտելիքներ ձեռք բերելու և ուսումնառելու համար:


5. Կրթությունը պետք է կադրերի պատրաստման, գիտելիքների փոխանցման, գիտական հետազոտությունների համակարգից վերափոխվի մարդկանց կենսագործունեության բնական միջավայրի, իսկ պետության հիմնական գործառույթը մոտակա տասնամյակում պետք է լինի այդ վերափոխման ապահովումը: